Հայաստանում առողջապահության ոլորտի քաղաքականությունն այսուհետ մշակվելու է բարձրագույն կրթություն չունեցող, նախկին բուժքրոջ ղեկավարման ներքո: Շատերը դեմ են: Անիմաստ է: Դեմ եղեք այն համակարգին, որը նախկին բուժքրոջը բերել հասցրել է իշխանության բարձրագույն մասնագիտական օղակ:
Ի՞նչ եք կարծում: Ո՞վ է մեղավորն ու պատասխանատուն` Փաշինյան Նիկո՞լը, Սիմոնյան Ալե՞նը, Թորոսյան Արսե՞նը, Ավանեսյան Անահի՞տը: Միգուցե իրենք հետագայում պատասխանատվություն կրեն, սակայն իրական մեղավորներին այլ տեղում փնտրեք:
Տարիներ շարունակ Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University-ն, բառիս բուն իմաստով, էմիգրանտներ է պատրաստում: Տարեկան բժշկի դիպլոմ է ստանում շուրջ 600-700 շրջանավարտ: Եվ դա միայն այդ բուհում: Միանշանակ` Հայաստանին այդքան բժիշկ հարկավոր չէ: Արդյունքում` Հայրենիքում աշխատանք չգտնելով, երիտասարդ, տաղանդավոր բժիշկներն արտագաղթում են: Մնում են «ծանոթ-բարեկամները», որոնք հիմնականում ամեն ինչից վախեցած են և ... բուժքույրերն ու սանիտարկաները: Եվ այս պարագայում Փաշինյան Նիկոլն ի՞նչ անի: Դեռ գոհ եղեք, որ բուժքրոջն է պաշտոն տվել: Կարող էր, չէ՞, որևէ սանիտարկայի նշանակել:
Բացի դրանից` ինչպես ասացի բուժքույրն այսուհետ ղեկավարելու է Հայաստանի առողջապահության ոլորտի քաղաքականության մշակումը: Գիտե՞ն դրա մասին Հայաստանի առողջապահության ոլորտի «առաջնորդները»` Բժշկականի ռեկտորը, ԲԿ-ների գլխավոր բժիշկները, ոլորտի հռչակավոր մասնագետները, ակադեմիկոսները, պրոֆեսորները, փորձագետները, ի վերջո, նորանշանակ պաշտոնյա, նախկին բուժքրոջ անմիջական ղեկավարները: Իհարկե, գիտեն: Լռում են: Վախեցած են: Եվ, այս իմաստով, եթե եղած բոլորը լռում են, ապա Փաշինյան Նիկոլն ի՞նչ անի: Ի դեպ, հենց «լռողներն են» ստիպում արտագաղթել երիտասարդ, տաղանդավոր բժիշկներին:
Այսպիսով` ոլորտի առաջատար բուհը «մեծ թափով» էմիգրանտներ է պատրաստում, իսկ Հայաստանում մնացած «ծանոթ-բարեկամները» վախեցած են, հետևաբար`լուռ:
Նման պայմաններում մենք պետք է միայն գոհ լինենք և շնորհակալություն հայտնենք Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին, որ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել նախկին բուժքույրը, այլ ոչ նախկին սանիտարկայի հորաքրոջ աղջիկը:
Կարեն Հեքիմյան